Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Մենք շարունակում ենք մնալ ապագայի կուսակցություն»

«Մենք շարունակում ենք մնալ ապագայի կուսակցություն»
18.11.2008 | 00:00

«ՆՐԱՆՔ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԱՆՑՆՈՒՄ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻԻ ՍԱՀՄԱՆԸ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀ նախագահի օգնական ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
-Պարոն Մարտիրոսյան, Դուք միակն էիք Հայաստանից, որ մեկնել էիք Միացյալ Նահանգներ` «տեսնելու» (ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատնից մեր թերթին այդպես էլ տեղեկացրին` «ոչ թե դիտելու, այլ տեսնելու») ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների ընթացքը: Տեսա՞ք:
-Այո, ես, իսկապես, միակն էի ոչ միայն Հայաստանից, այլև տարածաշրջանից, ինչը, ի դեպ, ինձ համար մեծ պատիվ էր՝ որպես նախագահի օգնականի, որպես միջազգային այցելու (ծրագիրը հենց այդպես էլ կոչվում է` «Միջազգային այցելու») լինել Միացյալ Նահանգներում, հետևել ընտրությունների ընթացքին՝ յոթանասուն երկրներից հրավիրված 100 դիտորդների հետ համատեղ և ծանոթանալ Միացյալ Նահանգների քաղաքական-ընտրական համակարգին, ընտրարշավի նրբություններին, կազմակերպչական աշխատանքներին: Թերևս գիտեք, որ Միացյալ Նահանգներում կան նահանգներ, որ զուտ «կապույտ» են, այսինքն` դրանք պայմանականորեն դեմոկրատների տիրույթում են, կան նահանգներ, որոնք «կարմիր» են` զուտ հանրապետականներին «պատկանող», և կան խառը նահանգներ, ուր և ընթանում է հիմնական պայքարը` ԱՄՆ-ի բոլոր ընտրությունների ընթացքում: Մենք հիմնականում այդ նահանգներում էինք հետևում ընտրությունների ընթացքին: Փաստորեն, իրադարձությանը, որը ողջ մոլորակի ուշադրության կիզակետում էր, մենք հետևում էինք տեղում, զգում ամերիկյան «նոու հաուի» սպասման շունչը հենց տեղում: Անշուշտ, հաճելի էր ներկա գտնվել նման պատմական իրադարձության, իսկ որ ամերիկյան այս ընտրությունները պատմական էին բոլորի, բայց նախ և առաջ Նահանգների համար, աներկբա է: Այցի վերջում մեր խումբը հավաքվեց Հարվարդի համալսարանում` ամփոփելու ընտրությունների ողջ ընթացքը:
-Փաստորեն, վերադարձել էիք «հայրենի ափեր». շատ ժամանակ չի անցել այն օրերից, երբ ուսանում էիք Հարվարդում: Ի դեպ, Ձեր ուսանողական տարիները երբևէ համընկե՞լ են ամերիկյան նախագահական ընտրությունների հետ, եթե այո, մթնոլորտի ի՞նչ փոփոխություն արձանագրեցիք:
-Ցավոք, չեն համընկել: Արևմուտքում (հիշենք, որ Լ. Մարտիրոսյանը նաև բրիտանական շրջանավարտ է- հեղ.), այո, ներկա եղել եմ ընտրությունների, բայց, որպես դիտորդ կամ անմիջական հետևող երբեք չեմ եղել:
-Եվս մեկ «տեխնիկական» բնույթի հարց. ի՞նչ նպատակներ է հետապնդում Նահանգները` նման հրավերների դեպքում:
-Թերևս դժվարանամ Միացյալ Նահանգների փոխարեն պատասխանել, սակայն տրամաբանությունը հուշում է, որ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները, հասկանալի պատճառով, մեծ հետաքրքրություն են առաջացնում աշխարհում, շատերն էին ցանկանում հասկանալ, թե շարունակական ինչ քաղաքականություն է իրականացնելու Նահանգներն այդ ընտրություններից հետո: Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգները փորձում է այդ մարդկանց մի որոշ խմբի, իսկ մեր խմբում ընդգրկված էին բավականին լուրջ մասնագիտությունների, աշխատանքների տեր մարդիկ՝ աշխարհի տարբեր երկրներից` նախագահների օգնականներ, աշխատակազմերի ղեկավարներ, խորհրդարանների պատգամավորներ, վերլուծաբաններ, փորձագետներ, մի խոսքով՝ հնարավորություն տալ բոլոր այդ մարդկանց՝ տեղում հետևելու գործընթացին:
-Պարոն Մարտիրոսյան, ի՞նչն էր այդ ամենում Ձեզ համար ամենատպավորիչը. ամերիկյան բրենդն անմոռաց տպավորություններ թողնելու նրբագեղություն ունի. այդ քաղաքականությունն այնքան մշակված, այնքան արտիստիկ է, որ իզուր չէր այդ մասին Դյուրենմաթն ասում՝ «այդ թատրոնը վաղուց գերազանցել է իմ բեմական թատրոնը»:
-Տպավորեցնողը, ինչն ինձ համար նաև շատ հոգեհարազատ էր ու ոչ մի կապ չուներ Ձեր մատնանշած «թատրոնի» հետ, ընտրությունների գործընթացում ամերիկյան երիտասարդության ակտիվության ու ոգևորության դրսևորումն էր՝ երիտասարդության աննախադեպ մասնակցությունն ընտրություններին:
-Ինքնաբո՞ւխ:
-Միանշանակ: Գիտե՞ք, այդ առումով Միացյալ Նահանգներում, նախկինի համեմատ, իրոք, մեծ փոփոխություններ են տեղի ունեցել: Ընդ որում, ոչ միայն երիտասարդության, այլև ընտրություններին, օրինակ, սևամորթների, առաջին անգամ մասնակցողների առումով: Առաջին անգամ ասելով՝ նկատի ունեմ երիտասարդ կամ հասուն տարիքի ամերիկացիներին, որոնք առաջին անգամ էին քվեարկում, որովհետև մինչ այս հավատ չէին ունեցել փոփոխությունների նկատմամբ, բայց այժմ նրանց մոտ սպասումների մեծ ալիք էր նկատվում: Ոգևորիչ էր նաև հաղթող թեկնածուի օգտին ընտրությունների ընթացքում դրսևորված ակտիվ կամավորական շարժումը, ինչը նույնպես շատ հետաքրքիր էր:
-Իսկ Ձեր անձնական համակրանքը թեկնածուներից ո՞ր մեկի կողմն էր. երիտասարդ Օբաման բավականին սրտահույզ թեկնածու էր. ԱՄՆ-ը, իսկապես, բոլոր առումներով անվրեպ «թիրախ» էր ընտրել:
-Իմ անձնական համակրանքն ամերիկյան ժողովրդի ազատ-ժողովրդավարական ընտրության օգտին էր. խնդրում եմ սա հերթապահ ֆրազ չհամարել: Իմ համակրանքը թեկնածուներից որևէ մեկի օգտին չէր. սա ես անկեղծ եմ ասում: Իսկ հասարակության կողմից ընտրված-հաղթած թեկնածուն, իսկապես, մեծ համակրանք էր վայելում, ու նա հաղթեց ծանրակշիռ մեծամասնությամբ. դա էին ապացուցում անցկացվող հետընտրական սոցհարցումներն ու էքզիթ-փոլերը:
-Վերևում՝ «պատմական ընտրություն» ասելով, Դուք, թերևս, նկատի ունեիք հանգամանքը` ա) որ տևական ընդմիջումից հետո դեմոկրատներն անցան իշխանության, բ) աֆրոամերիկացին առաջին անգամ դարձավ նախագահ: Ասել է՝ ամերիկյան երազանքը կյանքի կոչվեց` «ամբողջ հմայքով հանդերձ»: Այո՞:
-Անշուշտ: Աննախադեպ փաստեր առաջին անգամ արձանագրվեցին այդ ընտրություններում. այո, աֆրիկյան ծագում ունեցող ամերիկացին ընտրվեց Նահանգների նախագահ: Աննախադեպ էին ընտրությունները նաև նոր տեխնոլոգիաների կիրառման առումով. ինտերնետային, տեխնոլոգիական նորարարությունները, նոր ծրագրավորումները շատ ակտիվ օգտագործվեցին երկու թեկնածուների կողմից էլ:
-Կիրառված քաղտեխնոլոգիաներն էլ պակաս հետաքրքիր չէին` Մակքեյնն «ընդամենը» 72 տարեկան էր, Սառա Փեյլին նրա կողքին նույնպես «լավ էր նայվում», հետո` Օբամայի տատիկը մահացավ. սա՝ հենց այնպես: Բայց, այնուհանդերձ, մեկ հարց, պարոն Մարտիրոսյան. ամերիկյան հասարակությունը, և ինչո՞ւ՝ ոչ, նաև Դուք, ինչպե՞ս տարաք Օբամայի տատիկի մահը:
-Ծանր: Այն առումով, որ տատը, որը մեծացրել էր իր թոռանը` լինելով նրա միակ խնամակալը (ինչպես տեղեկանում ենք Օբամայի պաշտոնական կենսագրությունից), չապրեց ընդամենը երկու օր` տեսնելու թոռան հաղթանակը: Ի դեպ, Օբամային ցավակցեց նաև Մակքեյնը` իր հրաժեշտի-հանձնման-հրաժարմա՞ն-շնորհավորանքի՞ ճառում... տեսնո՞ւմ եք՝ հայերենում այս եզրույթը կարծես թե չկա. երևի նրանից է, որ Հայաստանում նախագահի մյուս թեկնածուն երբեք չի «հանձնվում», դրա համար էլ այդ եզրույթը չի գործածվում դեռ:
-«Հայաստանի մյուս» թեկնածուի մասին զրույցը թողնենք պատեհ առիթի, իսկ Ամերիկայի, առավել ստույգ՝ աֆրոամերիկյան իրականության համար ևս մեկ տխուր փաստ արձանագրենք. հիշո՞ւմ եք, երբ Քոնդոլիզա Ռայսը դարձավ ԱՄՆ-ի պետքարտուղար, նրա քահանա հայրը ծանր անկողնային հիվանդ էր՝ անգիտակից վիճակում, ու Քոնդին այդպես էլ չկարողացավ նրան հաղորդել պետքարտուղար դառնալու այդքան կարևոր լուրը… Փաստորեն, ամերիկացիներն էլ մի քիչ հայ են, պարոն Մարտիրոսյան: Մեկ նուրբ հարցադրում. ամերիկյան ընտրություններն իսկապե՞ս այդքան ժողովրդավար են, ինչպես տարփողվում են:
-Իհարկե: Անկասկած է, որ Միացյալ Նահանգները, որպես առաջատար ժողովրդավարություններից մեկն աշխարհում, հզորագույնն է իր ժողովրդավարությամբ: Եվ մենք, այսպես ասած` երիտասարդ ժողովրդավարություն կերտող ժողովուրդներս, շատ բան ունենք նրանցից սովորելու թե՛ քաղաքական գործընթացների, թե՛ նախընտրական քարոզարշավների, թե՛ թեկնածուների միջև քաղաքակիրթ պայքարի և թե՛ հաղթողին շնորհավորելու առումով: Հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում այդ մշակույթը մեզանում ևս արմատավորվելու, զարգանալու է: Այնտեղ էլ, իհարկե, թեկնածուներն իրար քննադատում են, նույնիսկ անցնում են որոշակի սահմաններ, նույնը` թեկնածուների թիմերը, բայց նրանք երբեք չեն անցնում թույլատրելիի սահմանը:
-Դա ինչի՞ արդյունք է:
-Շատ երկար ժողովրդավարական ավանդույթների:
-Ինչպես նաև հասարակության արյունը թարմացնելու, կենդանացնելու գերգիտակցության. ԱՄՆ-ի ընտրությունների մեծ բրենդը նոր մտածելակերպի, երիտասարդ սերնդին «պրոխոդ» տալու գիտակցման մեջ է նաև: Գիտե՞ք, երբ դուք (ՄԻԱԿ-ը նկատի ունեմ), մտաք քաղաքական ասպարեզ, շատերը մտածեցին՝ ահա, վերջապես, արյան թարմացման բնական ռեզերվացիա է տեղի ունենում և սկսեցին ձեզ հետ հույսեր կապել:
-ՈՒ շատ ճիշտ արեցին:
-Չէ, հետո պրոցեսը կանգնեց:
-Համամիտ չեմ: ՄԻԱԿ-ը գործում է շատ ակտիվ, գուցե առաջվա հրապարակայնությունը չի ապահովում, դրա կարիքը չկա էլ, սակայն դանդաղ «հոսքի» այդ գործընթացներն են, որ մեկ էլ ու, չասեմ՝ ժայթքում են, այլ միանգամից լսեցնում են իրենց մասին, որովհետև մինչ այդ ընթանում է լուռ գեներացիա: Ասեմ կարճ. ՄԻԱԿ-ն այսօր մի պրոցեսի մեջ է, որի արդյունքները փոքր-ինչ ուշ ակնհայտ կդառնան: Մենք շարունակում ենք մնալ ապագայի կուսակցություն:
Քիչ առաջ մեր զրույցում Դուք նշեցիք պետական համակարգում երիտասարդների պակասի մասին։ Նախ` չեմ կարծում, որ պետական համակարգում երիտասարդների ներկայությունը պետք է լինի ինքնանպատակ: Եթե խոսքը վերաբերում է քաղաքական, հասարակական դաշտի սերնդափոխությանը, ապա այն ուղղակի անխուսափելի է բնական պատճառներով: Սակայն միշտ չէ, որ այդ գործընթացը հարթ է ընթանում: Խնդիր կա նաև այն առումով, որ բազմաթիվ կրթված երիտասարդներ, ովքեր կարող են նպաստել մեր պետական համակարգն արդյունավետ դարձնելուն, նախըտրում են չներգրավվել այդ համակարգում: Թեև, եթե ուշադրություն դարձրել եք, վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում բազմաթիվ նոր դեմքեր են հայտնվել: Այսօր, երբ օրակարգում են երկրորդ սերնդի բարեփոխումները, խնդիր է դրված պետական (և ոչ միայն) ինստիտուտների արդյունավետությունը բարձրացնելու, ինչն, անշուշտ, հնարավոր չէ առանց սերնդափոխության, նոր մտածողության:
-Բոլոր դեպքերում, որևէ կոնկրետ, համակարգային մեծ արդյունք այդ ուղղությամբ գրեթե չենք տեսել, չնայած, եթե անկեղծ, սպասումներ կան:
-Կրկին համաձայն չեմ Ձեզ հետ. բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, որոնք ապացուցում են հակառակը: Դրական քայլերն ակնառու են. և դա ոչ միայն մեր դիտանկյունից, այլև ինքը՝ հասարակությունն է դրանք մատնանշում:
-Որո՞նք են դրանք:
-Մաքսային-հարկային համակարգում տեղի ունեցող փոփոխությունները, ոստիկանության համակարգի թափանցիկության բարձրացումը, արտաքին քաղաքականության մեջ արձանագրվող փոփոխությունները... շատ կարելի է թվել:
-Այսպիսով, պարոն Մարտիրոսյան, Դուք ոչ միայն երիտասարդ-երկրորդ սերնդի բարեփոխումների ջատագով եք, ոչ միայն տեսանող էիք ԱՄՆ-ում՝ միակի կարգավիճակով, այլև Դուք ՀՀ նախագահի օգնականն եք. ի՞նչ հարցերում եք օգնում պարոն Սերժ Սարգսյանին, և, ընդհանրապես, ինչո՞վ է զբաղված նախագահի օգնականը մեզանում:
-Գիտե՞ք, հասարակության կողմից ինչ-որ առումով խեղաթյուրված է մի շարք ինստիտուտների, այդ թվում և` նախագահի օգնականի ինստիտուտի ընկալումը: Նախագահի օգնականն ընդամենը մի փոքր գործառույթ է, որն իր ուժերի ներածին չափով նպաստում է նախագահի գործունեության արդյունավետ իրացմանը:
-Համեստ եք, շատ համեստ, պարոն Մարտիրոսյան, իսկ ահա Ձեր մասին լեգենդներ են շրջում, որ Դո՜ւք՝ բրիտանական-հարվարդյան շրջանավարտդ, շրջում եք ալամ աշխարհով մեկ, կարգավորում բարդագույն և նրբագույն հարցեր՝ վասն Հայաստանի և նրա նախագահի: Մի խոսքով, պարոն Մարտիրոսյան, ասում են, որ ՀՀ նախագահականի «ողջ արտասահմանյան կապերն» ապահովում եք Դուք… իսկ իրականում՝ աշխարհի էներգետիկ առանցքում կանգնած է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որի հետ, ըստ «բարի» լեզուների, Դուք սերտ հարաբերությունների մեջ եք և նրա անմիջական՝ աջ ձեռքն եք: Այո՞:
-Ցավում եմ, որ պետք է հիասթափեցնեմ Ձեզ և լեգենդ հորինողներին. Ձեր հարցի մեջ նշված բոլոր դիտարկումները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Այդ ամենում միակ ճշմարտությունն այն էր, որ ես ճանաչում եմ Արմեն Սարգսյանին այնպես, ինչպես նրան ճանաչում են բազմաթիվ այլ մարդիկ:
-Եվ վերջին մեկ հարց՝ իրականության և անիրականության «արանքում». պարոն Մարտիրոսյան, ճի՞շտ է, որ 2008-ի նախագահական ընտրությունների նախընտրական ողջ ընթացքում, երբ երթի ելած ընդդիմությունն անցնում էր կառավարության շենքի առջևով ու ձայնում էր. «Լե՜-վո՜ն, Լե՜-վոն», ամեն անգամ Դուք դուրս էիք գալիս կառավարության շենքի պատշգամբ և ձեռքով անում ժողովրդին:
-Ճի՜շտ է: Բայց իմ հումորն ընդդիմությունը չգնահատեց:
-Ինչո՞ւ:
-Երևի որ հումոր չունի: Ես լինեի, կգնահատեի, դե, գոնե կժպտայի:
-Ո՜վ է ասում ընդդիմությունը հումոր չունի. իննսունվեցին, երբ Վազգեն Մանուկյանենք նախագահականի մոտ միտինգ էին անում ու բացականչում էին՝ «Լե-վոն, հեռացիր», Տեր-Պետրոսյանն ամեն անգամ կանչում էր Լևոն Զուրաբյանին և ասում. «Ի՞նչ աննամուս մարդ ես, Լևոն, հեռացիր, էլի»:
-Համենայն դեպս, դրա ականատեսները շատ մարդիկ չեն եղել, իսկ ձեռքով ընդդիմությանն ուղղված իմ ողջույնների ականատեսները, իրենց վկայությամբ, եղել են մի քանի հարյուր հազար. ամեն երթին իրենք ասո՞ւմ էին, չէ՞, հինգ հարյուր հազար մարդ, չորս հարյուր հազար մարդ… Կարծում եմ՝ այդքանի մեջ մի հոգի գոնե հումորով մարդ պետք է լիներ: Չկար: Իսկ կառավարության շենքում իմ հումորը գնահատում էին բոլորը:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 3595

Մեկնաբանություններ